Նախատոնակ տեառնընդառաջի տոնի, երեկոյան #ժամերգություն Անուշավան #սրբազան, #եպիսկոպոս Սուրբ Գրիգոր։
Յիշատակ Յովնանու մարգարէին
Ս. ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես)
Հովնանը տասներկու փոքր մարգարեների շարքում է ոչ թե իր գրած, այլ իր մասին պահպանված մի պատմության շնորհիվ, որը գրի է առնվել նրանից մի քանի դար հետո՝ բաբելոնյան գերության ժամանակ: Նա այն մարգարեն էր, ում միջոցով Աստված կանխահայտնել էր Հերոբովամ II թագավորի հաղթանակները [Դ Թագ. 14.25]: Այն գիրքը, որ հայտնի է «Հովնանի մարգարեությունը» անունով, սերնդեսերունդ պատմվել է իբրև ուսուցողական և խրատական պատմություն, որը հավաստում է Աստծո ողորմածությունը նաև հեթանոսների նկատմամբ, եթե նրանք ընդունեն Իր անունից կատարված քարոզը: Իր մարգարե Հովնանին Աստված ուղարկում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվե՝ սպառնալից խոսքերով քարոզելու այդ քաղաքի՝ մեծ մեղքերի մեջ ընկած բնակիչներին: Բայց մարգարեն, գիտենալով, որ Աստված գթասիրտ է և Իր սպառնալիքը չի իրագործի, եթե նինվեացիները հավատան ու զղջան, որոշում է չհնազանդվել Տիրոջը և նավով փախչում է Ավետյաց երկրից: Ճանապարհին մեծ փոթորիկ է սկսվում, և ծովը նետված Հովնանին Աստծո հրամանով կուլ է տալիս մի կետ ձուկ: Երեք օր կետի փորում աղոթելուց հետո մարգարեն ազատվում է և դարձյալ լսում նինվեացիներին քարոզելու Տիրոջ հրամանը: Նա գալիս է Նինվե և ասում՝ «Եվս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի», իսկ քաղաքի բնակիչները լրջորեն հավատում են և ապաշխարում, ինչի շնորհիվ ազատվում են վերահաս պատուհասից: Հովնանը տրտմում է, որ, ինչպես և սպասում էր, իր խոսքը չիրականացավ, բայց Աստված իմաստուն խրատով նրան ցուց է տալիս, թե որքան թանկ է Իր համար յուրաքանչյուր մարդ, և ինչպես է փափագում բոլոր մեղավորների՝ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների դարձն ու փրկությունը:
Հովնանի գիրքը յուրահատուկ կոչ էր հրեաներին՝ ընկալելու Աստծո անպարփակելի սիրո էությունը, դուրս գալու նեղ ազգային կրոնական պատկերացումներից և պատրաստ լինելու Մեսիայի համատիեզերական կոչվածությանը: Նինվեացիների ապաշխարության օրինակով Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին, իսկ Իր երեքօրյա հանգչելը գերեզմանում անվանեց «Հովնանի նշան»՝ կետի փորից մարգարեի ազատվելու հրաշքը ներկայացնեով որպես կյանքի և մահվան վրա ունեցած Իր իշխանության խորհրդանիշ [տե՛ս Ղուկ. 11.29-32]:
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
Մարգարեանալ նշանակում է կանխատեսել և վաղօրոք հայտնել ապագան, ինչպես նաև որևէ ծածուկ, անհայտ իրողություն: Մարգարեության շնորհ ունեցողները հնուց ի վեր Աստծո կողմից առաքվում էին առանձին մարդկանց կամ ժողովուրդների՝ հանդիմանելու և նախազգուշացնելու համար: Մարգարեության միջոցով Աստված կանխահայտնում է ապագա կարևոր իրադարձությունները՝ մարդկությանը դրանց նախապատրաստելու նպատակով: Հին ուխտի մարգարեները հանդես են եկել բազմաթիվ կանխասացություններով Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների, Նրա հավիտենական թագավորության հաստատման մասին: Ինքը Հիսուս Քրիստոս մատնացույց էր անում այդ կանխասացությունները՝ իբրև Իր առաքելությունը հաստատող աղբյուրներ [տե՛ս Հովհ. 5.39]:
Մարգարեական շնորհով էին օժտված Քրիստոսի առաքյալները, որոնց համար այն հզոր միջոց էր արդյունավոր քարոզչության համար: Իսկ Հովհաննես առաքյալի Հայտնության գիրքը աշխարհի վախճանին և ահեղ դատաստանին վերաբերող իրադարձությունների մարգարեական կանխահայտնումն է: Աստծո կամքով մարգարեության շնորհ կարող է ունենալ յուրաքանչյուր հավատացյալ: Քրիստոնեության վաղ շրջանում այդ շնորհը հաճախադեպ երևույթ է եղել:
Մարգարեությունները լինում են տարբեր բնույթի. երբեմն դրանք տրվում են տեսիլքով, երբեմն էլ՝ ձայնով, ինչպես նաև ներքին ոգեշնչմամբ, որը մղում է գրավոր կամ բանավոր կերպով արտահայտել Տիրոջ կամքը: Բոլոր դեպքերում էլ, մարգարեացողը խորապես համոզված է, որ իր միջով գործում է Ինքն Աստված առանց բռնադատելու իր կամքի ազատությունը: Այդ համոզմունքը հետևանքն է նրա խորհրդավոր աստվածմերձության, որը նրա կյանքի իմաստն ու նպատակն է: Այս պատճառով բոլոր մարգարեությունները հիմնականում տրվել և տրվում են Աստծո հավատարիմ ծառաներին:
ՄԱՐԳԱՐԵ
Մարգարեները Աստծո հայտնությունների բանբերն են և գտնվում են Նրա հետ սերտ հաղորդակցության մեջ: Տերը խոսում է նրանց հետ՝ իբրև Իր բարեկամների, և բացահայտում Իր ծրագրերը, ինչպես գրված է. «Մի՞թե Ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» [Ծն. 18.17]: Ուստի և մարգարեների համար սովորական է «Աստված ասաց» արտահայտությունը:
Եկեղեցական ավանդության մեջ «մարգարե» են կոչվում հատկապես հին ուխտի այն ընտրյալ անձինք, որոնց Տերը ծառայության էր կանչում միայն Իսրայելի ժողովրդի միջից: Նրանց շուրթերից հնչում էին ոչ միայն հեռու և մոտ ապագայում կատարվելիք իրադարձությունների կանխահայտնումներ, այլև հանդիմանություն ու նախազգուշացում, ապաշխարության կոչ ու փրկության ավետում: Փաստորեն, մարգարեները հանդես էին գալիս իբրև Աստծո ժողովրդի առաջնորդներ և ուսուցիչներ:
Իսրայելի առաջին և մեծագույն մարգարեն Մովսեսն է, ում շնորհիվ իսրայելացիները փրկվեցին Եգիպտոսի գերությունից և վերադարձան Ավետյաց երկիր, ում միջոցով Աստված նրանց տվեց գրավոր օրենքը:
Ավետյաց երկրում Իսրայելի ողջ պատմության ընթացքում հանդես եկան բազմաթիվ մարգարեներ, որոնց միջոցով Աստված խրատում և ուղղորդում էր կռապաշտ ազգերով շրջապատված և հաճախ նրանց ազդեցությանը ենթարկվող իսրայելացիներին: Այդպիսիք էին, օրինակ, Սամուելն ու Եղիան, Երեմիան ու Եսային, որոնցից պատկառում էր ժողովուրդը և հաճախ նրանց հանդիմանությունների ու նշանների ազդեցությամբ ետ կանգնում մոլորություններից:
Տիգրան Խաչատրյան
Աղբյուր` Daily worship բջջային հավելված