Սրբապատկերների ծագման և նրանց միջոցով կատարված հրաշքների մասին։
Սրբապատկերների ծագման և նրանց միջոցով կատարված հրաշքների մասին։ Անպայման լսեք, որովհետև Սուրբ Մովսես Խորենացին հստակ պատմում է այս ամենի մասին և վկայում, որ սրբապատկերները միշտ էլ գործածվել են։ Սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։ Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, քանի որ սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը։
Աստված Հոգի է, այսինքն՝ Նրան անհնար է նկարագրել, բայց երբ Նա մարմին է առնում, վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, հնարավոր է դառնում Նրան պատկերել։ Այսինքն՝ հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով։ Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին։ Երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա։
12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»...